Մի քանի դաս, որ կարող ենք սովորել կորոնավիրուսից

322

Այս պահին մինչ դուք կարդում եք այս հոդվածը, աշխարհում արդեն շուրջ 600.000 մարդ է վարակվել, 25.000 մահվան դեպքեր կան և 125.000 հոգի վերականգնվել են։ Միլիոնավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ։

Համաճարակները, տարաժամ մահերը և աշխարհացունց կատակլիզմները նորություն չեն Աստծու Խոսքի համար։ Դեռևս երկու հազար տարի առաջ Տեր Հիսուսը զգուշացնում էր մեզ, որ նման օրեր գալու են։

Եվ որքան էլ աղոթենք, միևնույն է գրվածը պիտի կատարվի։ Սակայն կան կարևոր դասեր այս ամենից, որոնք պետք է սերտենք միասին։ Կորոնավիրուսը՝ այդ անտեսանելի, բայց անկառավարելի երևույթը, փորձում է փոխել աշխարհակարգը և ստիպում է շատերին վերանայել իրենց կյանքը։ Ահա մի քանի դասեր, որ մարդկությունը կսերտի այս օրերին։

1. Աշխարհն ավելի խոցելի է դարձել

Համաշխարհային այս պանդեմիան սովորեցրեց մեզ, թե որքան փխրուն է մարդկային կյանքը։ Մենք երբեմն մոռանում ենք, որ մարդն իր բոլոր ձեռքբերումներով և գիտական նվաճումներով հանդերձ, խոցելի է անտեսանելի վիրուսների և միկրոբների կողմից։

Գերտերություններն իրենց աշխարհացունց զենքերով և պաշտպանողական միջոցներով անկարող և անօգնական գտնվեցին այս վիրուսի առաջ։ 21-րդ դարի մարդը պարծենում էր իր նվաճումներով։ Մենք նվաճել ենք սարերի գագաթները, օվկիանոսների խորությունները, փորձում ենք յուրացնել տիեզերքը, սակայն այդ ամենով հանդերձ մարդը չսովորեց նվաճել իր էգոն և անհագ կրքերը։ Այդ իսկ պատճառով այս վիրուսը լավ դաս տվեց մարդկությանը. աշխարհն ավելի խոցելի դարձավ։ Սաղմոս 103:15-16-ը լավագույն նկարագրությունն է տալիս այս վիճակի վերաբերյալ.

«15Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.
16Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան»։

2. Աշխարհը համահավասար է դարձել

Այս պարագայում այլևս չկան հարուստ և աղքատ ազգեր, ուժեղ և թույլ ազգեր, գրագետ և անկիրթ ազգեր։ Վիրուսը խոցում է բոլոր բոլորին։ Մարդկանց հարստությունը, ազգային ու պետական սահմաններն արդեն արգելք չեն այդ վիրուսի համար։ Ցավի, մահվան, վշտի, փորձանքի առաջ բոլորը հավասար են։ Կորոնավիրուսը կարևոր դաս տվեց նաև հարուստներին այն առումով, որ հարստությունը չի կարող մարդուն փրկել վերահաս հարվածից, որ ոչ ոք չի կարող խուսափել աղետից, որ փողերը չեն կարող մարդու կյանքն ավելի ապահով դարձնել։ Եվրոպան՝ ամենաբարգավաճ և մաքրակենցաղ մայրցամաքն այս առումով ամենախոցելին դարձավ։

3. Աշխարհը մարդու համար անվերահսկելի է դարձել

Գերտերությունները, պետությունները, իշխանությունները փորձում են կառավարելի դարձնել աշխարհը։ Եվ ոչ միայն կառավարելի, այլև վերահսկելի։ Այսօր շատ բան վերահսկողությունից դուրս է եկել։ Բայց կարևոր է հասկանալ, որ մեր Աստված հսկում է ամեն բան։
Նա այն Աստվածն է, որ միաժամանակ վերահսկում է թե՛ աստղերի, գալակտիկաների, տիեզերական մարմինների շարժը և թե՛ բջջի և ատոմի շարժը։ Առանց Նրա որևէ շնչավոր և անչունչ առարկա չի կարող շարժվել և գոհատևել։ Հետևաբար ուրախանանք այն առումով, որ թեպետ աշխարհը որոշ առումով անկառավարելի է դարձել, բայց մեր կյանքը տիրապետվում և կառավարվում է տիեզերքի կառավարչի կոցմից։ Սաղմոս 29-ում սաղմոսերգուն անչափ գեղեցիկ է նկարագրում Աստծուն։

«10Տերը ջրհեղեղի վրա է նստում. Տերը հավիտյան թագավորելու է: 11Տերը Իր ժողովրդին զորություն է տալու, Տերն Իր ժողովրդին խաղաղությամբ է օրհնելու»:

Սաղմոս 29:10-11

Դավիթն այս հատվածում ներկայացնում է Տիրոջը որպես հզոր թագավոր, որը նստած է Իր գահի վրա: Մենք տեսնում ենք Նրան` գահակալած անհանգիստ, մոլեգին ջրհեղեղի վրա: Սա խոսում է այն սարսափելի ուժերի մասին, որոնք արձակվում են ամենուրեք մեր շուրջը, որոնք սպառնում են հենց մեր կյանքին և որոնց մենք չենք կարող վերահսկել: Այս անհանգիստ ջրերը խորհրդանշում են նաև աշխարհի փոթորկոտ և ըմբոստ ազգերը, որոնք գտնվում են չար հոգևոր ուժերի տիրապետության ներքո:
Նայելով փոթորկոտ և թշնամական ուժերի այս պատկերին` Դավիթը հիշեցնում է մեզ, որ կա մի Թագավոր, որը տիրում է այս բոլորի վրա: Դա Տե՛րն է: Նա սպասում է, որ մենք գիտակցենք Իր թագավորումը և տանք Նրան արժանի փառքն ու պատիվը: Երբ մենք այսպես ենք վարվում, Նա էլ Իր հերթին երկու ձևով է արձագանքում մեզ. տալիս է մեզ Իր զորությունը և օրհնում է մեզ Իր խաղաղությամբ: Այն զորությունը, որը մեզ կպահի այս բոլոր թշնամական ուժերի մեջ, միայն Տիրոջից է գալիս: Մեր սեփական զորությունը կձախողի մեզ, բայց «Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով» (Եսայա 40:31): Տերն օրհնում է Իր ժողովրդին խաղաղությամբ անգամ ամենամեծ ճնշումների մեջ: Խաղաղություն, որը կախում չունի արտաքին հանգամանքներից: Այն բխում է միայն այն գիտակցումից, որ Տերը նստած է ջրհեղեղի վրա:

4. Աշխարհի մեծամտությունն ու ամբարտավանությունը խոնարհեցվում է

21-րդ դարի մարդը ծայրաստիճան ամբարտավան էր դարձել Աստծու դեմ։ Դա հասել էր այն աստիճանի, որ քրիստոնեության երբեմնի կենտրոն Եվրոպան փակում էր եկեղեցիները, դատապարտում էին քարոզիչներին, արգելում էին Աստվածաշունչ կարդալը հանրային վայրերում։ 21-րդ դարի մարդը ակամա մի կարգախոս ուներ. «Մենք Աստծու կարիքը չունենք»։ Այսօր արդեն շատ աստվածամերժ հասարակություններ կամաց-կամաց սկսել են զղջալ իրենց ամբարտավանության համար։ Շատ գեղեցիկ է նկարագրված Եսայա մարգարեության 2-րդ գլխում մարդկային ամբարտավանության նվաստացումը.

«10Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։ 11Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը»։

5. Աշխարհը փորձում է ինքնամեկուսանալ

Մեկուսանալու կոչն Աստծու ժողովրդի համար խորթ չէ։ Լինել քրիստոնյա՝ նշանակում է լինել մեկուսացած մեղքից և աշխարհից։ Ինչպես մեր Տերն աղոթեց՝ ասելով, որ աշխարհում ենք, բայց աշխարհիցը չենք։ Մեկուսացման լավագույն վայրն Աստծու մեջ է աղոթքի սենյակում՝ Սուրբ Գիրքը ձեռքերում։ Ցավոք շատերն այսօր մեկուսացել են սոցիալական ցանցերում՝ սնվելով զանազան տեղեկատվական աղբով։ Երբ Հիսուսն ասում էր, որ Աստծու հետ հաղորդակցության լավագույն վայրը մեկուսի և փակ դռնով աղոթքի սենյակն է, շատ քրիստոնյաներ անտեսեցին այդ կոչը։ Ցավոք սոցիալական ցանցերը մեր կյանքը դարձրել են հանրային և խախտվել է մեկուսի, մասնավոր և ծածուկ աստվածապաշտության և հոգևոր կյանքի կանոնները։

Շատերն այսօր, այո՛, մտնում են իրենց սենյակը, բայց փոխարենը դուռը փակելու, լայն բաց են անում՝ հանրայնացնելով իրենց աստվածապաշտությունը բազմազան լայվերի և հրապարակումների միջոցով։ Օգտագործենք այս ժամանակը ոչ թե ֆեյսբուքում մեկուսանալու, այլ աղոթքի սենյակում։ Համացանցը ծփում է սուտ մարգարեություններով, կեղծ և շինծու վկայություններով։ Մեզ համար ինքնամեկուսացման լավագույն վայրն աղոթքի սենյակն է՝ Աստծու Խոսքը մեր ձեռքերում ունենալով։ Իսկ սոցիալական ցանցերը կարող են հրաշալի միջոց լինել չափավոր ինֆորմացիա և հաղորդակցություն ստանալու համար։ Միայն թե զգույշ լինենք, վերջիվերջո. այդ համակարգի անունը ՑԱՆՑ է:

6. Աշխարհի մարդկությունը հեշտ կառավարելի է դարձել

Եվ թեպետ աշխարհն անկառավերելի է դարձել, իշխանությունները, գերտերությունները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, այնուամենայնիվ, աշխարհն այսօր կարծես վերածվել է մի փոքրիկ թաղամասի, որտեղ հրահանգները համընդհանուր են, մարտահրավերները՝ գլոբալ, իսկ կառավարումը՝ համակարգված։ Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը՝ Գորդոն Բրաունը, առաջարկել էր կորոնավրուսի դեմ պայքար մղելու համար ստեղծել համաշխարհային կառավարություն։ Սա արդեն ճանապարհ է նախապատրաստում Նեռի գալստյան համար։

7. «Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1-ին Հովհ. 2:17)։

Անգեի մարգարեության 2-րդ գլխի 6-րդ խոսքում Աստված խոստանում է, որ ցնցելու է երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, ազգերին և պետություններին։ Իսկ Եբրայեցիներին թղթի հեղինակն ասում է, որ այդ ցնցման և շարժի նպատակը մեկն է լինելու. Աստված ցանկանում է ցույց տալ, որ բոլոր շարժվող բաները պիտի անհայտանան, որպեսզի ի հայտ գա այն թագավորությունը, որն անշարժ է։ Եվ դա Աստծու հավիտենական թագավորությունն է։

Այս բոլոր աղետների և արհավիրքների մեջ մի մխիթարական և քաջալերիչ բան կա. աշխարհը անցնում է, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։ Ո՞րն է Աստծու կամքը մեզ համար։ Իհարկե Աստված թե՛ համընդհանուր մարդկության համար ունի կամք և թե՛ մեզ համար անհատապես։ Սակայն Պողոս առաքյալը գեղեցիկ ձևով ամբողջացնում է այս պատգամը. «Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը» (1-ին Թեսաղ. 4:3)։

Տեղին է այս հոդվածն ավարտել Հայտնություն գրքի 22 գլխի ցնցող կոչով.

«11Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։
12Ահա շուտով պիտի գամ, և իմ վարձը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ»։

vazgenarseni.com

Մեկնաբանություններ