protestant.am-ը զրուցել է Ստեփան Դանիելյանի հետ

242

 

 

 Պարոն Դանիելյան, ժամանակ առ ժամանկ հակաաղանդավորական փսևդոպայքարի ալիք է բարձրում, եթե աբստրահվելու լինենք առաջին տպավորություններից, ապա ըստ Ձեզ, իրականում ու՞մ է այդ պայքարը ձեռնտու և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

 Հատևանքները պարզ են. որոշ մարդիկ կմիանան արտագաղթողների շարասյուններին, իսկ մնացողները ստիպված կլինեն ընդունել եղած կեղծ արժեքները, հիմնված կեղծ հայրենասիրության վրա: Կղերաֆեոդալական բարքերն էլ ավելի կկարծրանան: Իսկ նպատակը պարզ է` եկեղեցին փորձում է խորացնել իր մենաշնորհը, իսկ իշխանությունը` ի դեմս եկեղեցու, ձեռք է բերում հավատարիմ դաշնակցի` հասարակությանը ճնշելու գործում: Ամենավտանգավորն այն է, որ դա արվում է հայրենասիրական հռետորաբանությամբ: Այնտեղ, որտեղ սահմանափակվում են անձի սահմանադրական իրավունքները հանուն ինչ-որ հակասահմանադրական նպատակների, այնտեղ հող է ստեղծվում ֆաշիզմ հիշեցնող գաղափարախոսությունների համար: Պարզ բան է, որ մարդիկ ինքնակամ կհրաժարվեն իրենց իրավունքներից միայն այն ժամանակ, եթե նրանց առաջարկվի մեկ այլ ռասիստական կամ կրոնական այլընտրանք: Դրա համար, բնականաբար պետք է ստեղծել վախի, անհանգստության մթնոլորտ: Ինչը և տեղի է ունենում: Մամուլի միջոցներով տարածվող «աղանդավորականների» ինքնասպանությունների, հակապետական գործունեության և նմանատիկ այլ լուրերից ոչ մեկը այդպես էլ չի հաստատվում, որևէ մի քրեական գործ այդ «դեպքերի» առընչությամբ այսքան ժամանակվա ընթացքում չբացահայտվեց, սակայն նմանատիպ «լուրերը» շարունակում են մեզ մատուցել: 

Դուք բավականին անաչառ ու կառուցողական դիրք եք զբաղեցնում ավետարանական եկեղեցիների և նրանց ընդիմախոսների միջև, իսկ նման դիրքորոշում ունեցողներն այսօր բավական քիչ են, ենթադրում եմ, որ Ձեզ էլ է հասնում քննադատության ու պիտակավորումների որոշակի չափաբաժին: Ի՞նչ կասեք այս առումով:

 Ես հարգանքով եմ վերաբերվում խղճի, խոսքի, արտահայտվելու և մյուս բոլոր իրավունքներին, որոնք ամրագրված են սահմանադրության մեջ: Իսկ Հայաստանում սահմանադրական իրավունքները շատ մարդկանց կողմից թշնամությամբ են ընկալվում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինձ նույնպես պիտակավորում են, ապա ես անտարբեր եմ նման դրսևորումների հանդեպ, կարևորը այն է, որ ինքդ համոզված լինես, որ ճիշտ ես: 

Երկար ժամանակ է՝ Դուք շփվում եք ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչների հետ, ի՞նչ եք կարծում՝ այսօրվա ինֆորմացիոն դաշտում կան բացթողումներ նրանց կողմից և եթե այո, ապա ի՞նչ լուծումներ եք առաջարկում: 

Բացթողումներ բառը շատ համեստ է հնչում այս դեպքում, որովհետև ոչ մի նախաձեռնություն էլ չեք իրականացնում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները խուսափում են պատասխանատվության կանչել ապատեղեկատվություններ տարածողներին: Կարծես թե որոշակի վախ կա: Դատարաններ չեն դիմում: Իմ կարծիքով դա սխալ մոտեցում է: Այսօր հասարակության մեջ կա մի զգալի խավ, որն արդեն պատրաստ է պաշտպանել անարդարության զոհերին: Համոզված եմ, որ եթե դուք հստակ քայլեր ձեռնարկեք, շատերը դա կողջունեն, իսկ սուտ լուրեր տարածողներն ավելի զգույշ կլինեն: Հայաստանի այսօրվա ամենամեծ խնդիրը անպատասխանատվությունն է և ձեր քայլերը ոչ միայն ձեզ համար օգտակար կլինեն, այլև ձեռքբերում կլինի առհասարակ անպատասխանատվության դեմ պայքարում: Դուք դրանով ձեր լուման կներդնեք երկրի զարգացման գործում: 


  Մեր հասարակությունը հաճախ ենթակվում է տեղեկատվական մանիպուլյացիաների, ինչպե՞ս խուսափել դրանից: Հարցը հավասարապես վերաբերվում է թե՛ մանիպուլյացիայի թիրախ հանդիսացող այլադավան կրոնական ուղություններին, թէ՛ հասարակության այն շերտին, ում հաշվարկով բաց են թողնվում այդ մանիպուլյացիոն տեղեկությունները:

 Որտեղ կա քաղաքականություն, անարդարություն, շահագործողներ և շահագործվողներ, այնտեղ միշտ լինում են ձեռնածություններ`մանիպուլյացիաներ: Դա կա և միշտ կլինի, այլ բան է, որ պետք է լինեն նաև մարդիկ և տեղակատվական միջոցներ, որոնք կփորձեն հասարակությանը ճիշտ տեղեկություններ մատուցել: Մյուս կողմից հասարակությունը, կամ գոնե հասարակության մտածող շերտը պետք է պատրաստ լինի ընկալելու ճիշտ խոսքը: Նույնիսկ ամենակրթված երկրներում մանիպուլյացիաները անխուսափելի են, ավելին, մանիպուլյացիա անողներն էլ այդ երկրներում նույնպես ավելի արհեստավարժ են և տիրապետում են ամենաառաջավոր տեխնոլոգիաներին: Այստեղ ամենակարևորը ազատ մամուլի գոյությունն է: Առաջնային հարցը երևի այն է, որ մենք ստեղծենք այնպիսի հասարակություն, որտեղ լինի իրավունքի գերակայություն: Կարծում եմ մեզ համար դա ավելի առաջնային հարց է, քան մանիպուլյացիաներին հակազդելը: Ինչպես կասեր վարչապետը, դա արդեն «երկրորդ սերնդի բարեփոխուների» հարց է և այդ գործում մենք բոլորս պետք է մասնակցություն ունենանք: 

religions.am կայքը արդեն երկար ժամանակ է ապահովում է բավական օբեկտիվ տեղեկություններ ու այն հասցրել է սիրվել և ընդունվել շատերի կողմից. Կասե՞ք Ձեր ապագա ծրագրերի մասին:

Մենք աշխատում են լինել օբյեկտիվ, թե որքանով է դա մեզ հաջողվում, թող դատեն ընթերցողները: Ներազգային անվստահությունն ու կասկածամտությունը մեծ մասամբ պայմանավորված է պատմությունից եկեղ կաղապարներով: Մեծ դեր ունի նաև թշնամության պրոպագանդան, որն անկախությունից հետո բոլորովին այլ երանգներ ստացավ և գնալով ուժգնանում է: Դրա հիմքում ընկած է տգիտությունը և կեղծ ազգայնականությունը: Այդ պատճառով մենք ցանկանում ենք բացել վարագույրները և նարկայացնել տարբեր կրոնական ուղղությունների դավանաբանությունը, սոցիալական սկզբունքները: Նաև մեծ ուշադրություն ենք դարձնում պատմական վերլուծություններին: Ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես ներկայացվում է պատմության դասագրքերում: Մենք կձգտենք ավելի մեծ ուշադրություն դարձնել պատմության լուսաբանմանը և հնարավորինս ջարդել այն կաղապարները, որոնք ներազգային թշնամություն են սերմանում:

Ինչ համագործակցության եզրեր եք տեսնում նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության և ավետարանական ընտանիքի եկեղեցիների միջև:

Արևմուտքում Ավետարանական եկեղեցիները սոցիական կյանքում մեծ դերակատարություն ունեն: Պետք է ասել, որ քաղաքական կյանքում նույնպես: Ցանկացած քաղաքացի ունի ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունք, ինչպես նաև արտահայտելու ու տարածելու իր համոզմունքները: Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները խուսափում են «քաղաքականություն» բառից և հաճախ պաշտպանվում են, ասելով, որ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Շատ վատ եք անում, որ չեք զբաղվում: Լիարժեք քաղաքացին պետք է քաղաքական և հանրային հարցերով հետաքրքրվի և զբաղվի: Բոլորս էլ հասկանում ենք, թե որն է դրա պատճառը: Ես կցանկանայի, որ ավետարանական եկեղեցու անդամները ակտիվորեն զբաղվեն քաղաքացիական ու քաղաքական գործունեությամբ: Երբեք մի պաշտպանվեք, այլ եղեք նախահարձակ, պաշտպանեք ձեր իրավունքներն ու շահերը և ոչ միայն ձեր …, և կտեսնեք, որ մյուսներն էլ ձեր շահերն ու իրավունքները կպաշտպանեն: Հասարակությունը խուսափում և կասկածում է փակ կառույցներից, իսկ բաց և թափանցիկ կառույցները դառնում են սովորական և ընդունելի:

Մի փոքր անձնական հարց՝ Դուք հավատու՞մ եք Աստծուն. Ձեր կայքը Հայաստանի «կրոնների» մասին է, Դուք հարու՞մ եք այդ «կրոններից» որևիցե մեկին:

Ես կնքվել և պսակվել եմ Հայ Առաքելական եկեղեցում, իմ երեխաներն նույնպես Հայ Առաքելական եկեղեցում են կնքվել: Սակայն ես հավատին ավելի շուտ փիլիսոփայական տեսանկյունից եմ մոտենում և կարծում են, որ մարդը կարող է հասնել Ճշմարտության տարբեր ուղիներով և հարգում եմ ցանկացած անձի ընտրությունը: Կարծում եմ, որ քրիստոնեական ուղղությունների միջև եղած դավանաբանական տարբերությունների պատճառը մեկնաբանություններն ու մեկնություններն են: Մեծ դեր են կատարել նաև քաղաքական շահերը, սակայն բոլոր քրիստոնեական ուղղությունները քրիստոնեական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն են: Եվ այդ տարբերությունները ոչ թե թերություններ են, այլ հարստություն: Շատ մեծ իմաստություններ կարելի է գտնել հինդուիզմում, բուդայականությունում, դաոսիզմում և մյուս ուսմունքներում:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ