Սուսաննա քույրն ինձ համար հավատքի հերոս և օրինակ է. Արթուր Սիմոնյան

298

Տիրոջ մոտ հեռացավ եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի կինը` մեր սիրելի Սուսաննա քույրը…

ՍՐՏԻ ԽՈՍՔ

Երանի նրանց, ովքեր մինչև վերջ կհամբերեն, մինչև վերջ Տիրոջը հավատարիմ կգտնվեն, մինչև վերջ հավատքը կպահեն։ Երանի, որովհետև նրանք Տիրոջ երեսը կտեսնեն։

Կյանքում լինում են արտասովոր դժվար օրեր, և այդպիսի օրերից է սիրելի ու հարազատ մարդու հետ հրաժեշտի օրը։ Այսօր բոլորիս համար դժվար պահ է, որովհետև մեր շատ թանկագին Սուսան քույրը մեզ հետ չէ. մեզ հետ չէ, բայց Տիրոջ մոտ է, այնտեղ, որտեղ չկա ո՛չ տառապանք, ո՛չ նեղություն, ո՛չ ցավ և ո՛չ էլ արցունքներ։ Նա արժանապատվորեն իր բարի պատերազմը պատերազմեց և հավատքը պահեց։

Այսօր, ցավոք սրտի, կարող ենք տեսնել քրիստոնյաների, ովքեր մի փոքր ձախողումից, մի փոքր նեղությունից ու դժվարությունից տատանվում են եղեգի պես և թողնում են հավատքի կյանքը։

Սակայն Սուսաննա քույրն ինձ համար հավատքի հերոս և օրինակ է. նա ոչ միայն մի բան չհամարեց նեղությունը, այլ մինչև վերջ սիրեց Տիրոջը, պահեց հավատքը և կատարեց իր ընթացքը։ Նա երանելի է, որովհետև հիմա տեսնում է Տիրոջ երեսը, և նրա վարձքը մեծ է։

Կյանքը չի չափվում միայն ապրած տարիների թվով, այլ նրանով, թե ինչ հետք և ազդեցություն ենք թողնում ապրած տարիների ընթացքում։ Ով գեթ փոքր֊ինչ ճանաչել է Սուսան քրոջը, կհամաձայնի ինձ հետ, որ նա զգալի հետք է թողել։ Զարդարված լինելով քրիստոնյա կնոջ առաքինություններով` նա Տիրոջը սիրող և բարեպաշտ զավակներ է մեծացրել, իր ամուսնուն` հավատքի զորավոր մարդուն նեցուկ է եղել, բազում մարդկանց է ծառայել Տիրոջ սիրով և իր հեզ ու խոնարհ սրտով շատերին օրինակ եղել։

Սիրելինե՛ր, այս երկրի վրա տարիներն անցնում են, ու մի բան ենք հայտնաբերում, որ Երկինքը գնալով մեզ ավելի հարազատ և ցանկալի է դառնում` մեր սիրելի մարդկանց պատճառով։ Այս հույսն ունենք Տիրոջից, որով և մխիթարում ենք միմյանց, որ եթե մինչև վերջ համբերենք, ապա մենք էլ Երկինքը կժառանգենք և հավիտյան միասին կլինենք, ու այլևս չի լինի ո՛չ բաժանում և ո՛չ ցավ։

Աղոթում եմ, որ Տիրոջ Հոգին գերբնական մխիթարի ու սփոփի իմ թանկագին ծառայակից ընկերոջը` Ռուբիկ եղբորը, նրա զավակներին, բոլոր հարազատներին և ողջ եկեղեցուն։

Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունն ամենիդ հետ լինի։ Ամեն։

Սրտի անկեղծ ցավակցություններով և աղոթքով`

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ