Սուտ է․ Բանաստեղծություն

559

Բաներ կան կյանքում, որ չեմ հավատում,

Գուցե թանկ են, բայց չեմ գնահատում,
Չեմ ուզում կանխավ տեսնել իմ մահը,
Սուտ ճանապարհին ո՞րն է իմ շահը։

Սուտ է այն ժայռը, ուր տուն ես սարքում
Թույլ քամուց անգամ շուտ փուլ է գալիս,
Բութ է այն սայրը, որ թել չի կտրում,
Բայց լույս տեսնելիս փայլին է տալիս։

Սուտ է այն մայրը, որ կաթ չի տալիս
Իր մանկանը, երբ սովից է լալիս,
Սուտ է այն հայրը, երբ իր զավակին
Առաջինն ինքն է ծխամորճ տալիս։

Սուտ է այն ծերը որ մանկան նման,
Մի բահի համար կռիվ է տալիս,
Մինչդեռ մանուկն այդ պապիկի համար
Աղոթում է, որ տեսնի ժպտալիս։

Ժպիտն էլ սուտ է շինծու հարգանքով,
Թե սիրտ է կոտրում ճնշող հեգնանքով,
Սուտ է, թե սրտով սիրում են մեկին,
Սիրտը օրգան է։ Սիրում են հոգո՛վ։

Սուտ է մայրն էլի, երբ որովայնում
Բժշկի ձեռքով մանկանն է սպանում։
Էլ սուտ մի լացի, դու մայր ե՞ս կոչվում,
Մանուկդ մուկ չէր վազող մառանում։

Սուտ է պանիրը` տեսքով յուղալի,
Թե որ թակարդում որսի է սպասում,
Սուտ է ճարտարը խոսքով պերճալի,
Թե որ իր լեզվով սիրտ է վնասում։

Սուտ է օրենքը, երբ դատարանում
Արդարի գլխին մեղք է հորինում,
Սուտ է արդարը ազատության մեջ,
Երբ իր փոխարեն այլոք են մեռնում։

Սուտ է ծառը, որ պտուղ չի տալիս,
Հարևան տնկին պտղից է ճգնում,
Անտառը ամբողջ հատել են տալիս,
Կացնի հարվածն իսկ իրեն չի կպնում։

Սուտ է այն սուտը, որ կյանք է շինում,
Սուտ է այն բանտը, թեկուզ վանք հնում,
Սուտ է այն հանքը, թե գանձ չես հանում,
Սուտ է այն ճիշտը, թե սուտ չի սպանում։

Ստի մեծ ծով է աշխարհն առանձին,
Թե ուզես լողալ, մահ է քո անձին,
Խեղդվել չե՞ս ուզում, հասի՛ր նավակին,
Հետևիր միայն Աստծո զավակին։

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ