Ասա՛, Տեր Հիսուս․ Բանաստեղծություն

450

Ասա՛, Տեր Հիսուս, 

Ինչպե՞ս ես թողել փառքը Երկնքի

Ու Բեթլեհեմի պարզունակ գոմում
Այծ ու գառների կողքին ես ծնվել։

Ինչպե՞ս ես թողել, գովքն ու երգը հրեշտակների,
Երուսաղեմում մարդկանցից լքվել, ծեծվել, անարգվել,
Ասա՛, իմ Հիսուս,
Ինչպե՞ս թույլ տվիր, որ Գողգոթայում,
Քո տարած խաչի վրա Քեզ գամեն,
Այն էլ ու՞մ կողքին՝ ավազակների:

Դու, անմահդ, աշխարհի մեղքը,
Վիշտն ու ցավը Քո վրա առած՝
Մեռար մարդու պես:

Ինչպե՞ս երեք օր, ցերեկ ու գիշեր
Երկրի սրտում
Խոնավ վիհի մեջ մնացիր անտես,
Բայց երրորդ օրը, քանդեցիր մահվան կապերը փտած
Եվ գլորեցիր քարը բերանից մութ գերեզմանի,
Դուրս գալով ասիր՝
«Ու՞ր ես դու, ո՜վ մահ,
Ես եմ կյանքն ու հարությունը»:

Եվ քառասուն օր հետո Ձիթենյաց լեռից Երկինք բարձրացար,
Ուր առաջ էիր
Ու հիմա Հորդ աջ կողքին նստած՝
Քո վրա թքող, ծաղրողների,
Քեզ անարգող ու սպանողների
Համար ինչպե՞ս ես Դու բարեխոսում:

Եվ այդ ամենով ինչպե՞ս
Բացեցիր գաղտնիքը մահվան,
Կյանքի իմաստը, դուռը փրկության։
Այդ որքա՜ն մեծ Սեր Ես, որ չես սպառվում:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ