Միջազգային գիտաժողով. «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.»

59

Հովանավորությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության, 2019 թ. նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» (ՀՑԹԻ) հիմնադրամը կազմակերպում է միջազգային երկօրյա գիտաժողով` «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով:

Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի կունենա ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:

Գիտաժողովին զեկույցով հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ժամանած 23 գիտնականներ, որոնք անդրադառնալու են ցեղասպանությունը վերապրած հայերի փրկության գործին առնչվող մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են առավելապես հայկական, մասամբ նաև միջազգային կազմակերպությունների ունեցած դերակատարությունը, ինչպես  նաև հայկական հոգևոր կառույցների, ազգապահպան կազմակերպությունների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Միջագետքի հայկական կազմակերպությունների գործունեությունը: Մասնագետները ներկայացնելու են Արևմտյան Հայաստանի նահանգներում իրականացված հայահավաք ձեռնարկումները, անդրադարձ է կատարվելու նաև առանձին որբանոցների գործունեությանը: Գիտաժողովի ընթացքում վեր են հանվելու նաև այն խնդիրները, որոնք առկա էին փրկության առաքելության իրականացման ընթացքում: Քննարկվելու են ինքնօգնության դրսևորումներին, որբերի թվական տվյալներին, միջազգային իրավունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկությանը, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք հարցեր: Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են:

Ամբողջական նյութը՝ amaa.am

Մեկնաբանություններ