Ո՞ւր ենք շտապում

155

Մեկին մի հարցով օգնելիս կամ սրճարանում առաջինը հաշիվը փակելիս շտապելը գովելի է:

Շտապ օգնության մեքենան էլ պետք է շտապի, քանզի իր մեկ րոպե ուշացումը ճակատագրական կարող է լինել:

Լավ է, երբ մարդը շտապում է բարին գործելու, բայց նկատե՞լ եք՝ մեր կողքին մարդկանց մեծամասնությունը տառապում է ավելորդ շտապողականությամբ:

Շտապում են քայլելիս:

Կողքիցդ անցնելիս այնպես են խփում ուսիդ, կարծես այդ նպատակով էլ դուրս են եկել տանից:

Շտապում են հասարակական տրանսպորտ նստելիս:

Բավական է երթուղային տրանսպորտի դուռը բացվի, ու բոլորը ձգտում են բարձրանալ առաջինը: Հաճախ չեն էլ նկատում, որ դուռը բացել են ներսից, ու բացողն այդպես էլ չի կարողացել իջնել:

Շտապում են անգամ օդանավից իջնելիս:

Ոմանք իրենց պայուսակներն են պատրաստում հենց այն պահին, երբ ուղեկցորդուհին հայտարարում է «շտապ կապել ամրագոտիները անվտանգ վայրէջքի համար»:

Շտապես-չշտապես՝ միևնույն է, վերջում բոլորս հանգիստ սպասելու ենք անցագրային բաժնում:

Թռիչքի պատրաստվելիս էլ մեր շտապելը դեր չի խաղում, քանզի ինքնաթիռը չի շարժվելու, մինչև վերջին ուղևորը չնստի:

Շտապում են խանութում դրամարկղի մոտ սպասելիս:

Շատերս երևի դրամարկղի մոտ լսել ենք այսպիսի խնդրանք. «Կներեք, կարելի՞ է ես արագ վճարեմ ու գնամ, իմ ապրանքը քիչ է»: Ակամայից ուզում ես հարցնել. «Փաստորեն ես, եթե իմ ապրանքը շատ է, պարտավոր եմ սպասել, որ խանութում բոլոր քիչ գնումներ կատարողները վճարեն, գնան, իսկ վերջում ես մոտենա՞մ»:

Ի՞նչ եք առաջարկում, սիրելի՛ս, գուցե տանեմ վերցրածս ապրանքի մեծ մասը հետ դատարկեմ, ու ինքս էլ քիչ ապրանքով մոտենամ, որ թողնեք իմ հերթին վճարեմ»:

Շտապում են փողոցն անցնելիս:

Սա մի առանձին թեմա է:

Հետիոտնների լուսացույցերն ունեն երկու գույն:
Անգամ դպրոցում մեզ սովորացնում էին, որ կանաչն «ԱՆՑԻՐ», իսկ կարմիրը «ԿԱՆԳ ԱՌՆԵԼ»-ու համար է, սակայն հասարակության մեջ կա մի խումբ, որ դեռ շարունակում է համառորեն անտեսել «ԿԱՆԳ ԱՌ» լուսային ազդանշանը:

Նրանց համար այս երկու, իրարից տարբեր կանաչ ու կարմիր գույները մի գույն են` ԿԱՆԱՉ:

Մարդիկ նման շտապողականությամբ ստեղծում են վթարային իրավիճակ:

Ակամայից ուզում ես մոտենալ, ու հարցնել. «Սիրելի՛ս, այդ ո՞ւր ես շտապում: Կամ մի՞թե այն տեղը, ուր շտապում ես, ավելի կարևոր է, քան քո ու վարորդներից մեկի ճակատագիրը»:

Բայց հարցնել պետք չէ: Պատասխանը ստանում ենք այն ժամանակ, երբ շտապողը հայտնվում է փողոցում:

Նա այնքա՜ն դանդաղ է քայլում փողոցն անցնելիս, կարծես նա չէր, որ վայրկյաններ առաջ, անտեսելով կարմիր լույսը, իրեն նետեց փողոց:

Իսկ եթե համբերություն ունենաս ու հայացքդ չկտրես իրենից, ապա կտեսնես, որ նա ոչ միայն չէր շտապում, այլ ուղղակի պետք է մտներ դիմացի խանութ կես ժամանոց շոփինգի:

Քայլիր քաղաքով և կտեսնես, որ շատերն են շտապում:

Երբ մարդկանց հարցնում ես. «Ինչպե՞ս ես. գործերդ ինչպե՞ս են», պատասխանում են. «Դե ոչինչ էլի, ինչպես պետք է լինեն, ամբողջ օրը պարապ ման եմ գալիս…»:

Պարապ ժամանակ ման գալը հասկանալի է, բայց պարապ ժամանակ ման գալիս շտապելը չեմ կարողանում հասկանալ:

Սիրելի՛ս, բարի գործի համար շտապելը գովելի է:

Կամ երբ ուշանում ես, ապա արժե շտապել, բայց հաջորդ անգամ ջանք արա՛ ճիշտ ժամին դուրս գալ, որ շտապելիս խնդիրների առաջ չկանգնես:

Մնացած դեպքերում շտապելը համարում եմ ավելորդ:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ