Վատիկանը ՄԱԿ-ում կտրականապես դեմ է արտահայտվել թմրանյութերի օրինականացմանը

204

Վատիկանը կտրականապես դեմ է թմրանյութերի օրինականացմանը, և ընտանիքը համարում է թմրամոլությունը կանխելու ռազմավարության, ինչպես նաև կախվածությամբ մարդկանց բուժման և վերականգնման կարևորագույն տարրերից մեկը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում պապական դեսպան արքեպիսկոպոս Բերնարդիտո Աուսան` Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստի ընթացքում:

«Սուրբ աթոռը կտրականապես դեմ է անօրինական թմրամիջոցների օգտագործմանն ու թմրանյութերի օրինականացմանը»,- ասել է արքեպիսկոպոսը:

Նա հիշեցրել է, որ 2014-ին Հռոմում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զգուշացրել էր, որ արգելված միջոցների օգտագործման արգելքը չեղարկելով՝ չի հաջողվի կրճատել կախվածության չափերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նա նշել էր, որ պետք է վերացնել դրան հանգեցնող պատճառներն ու գործոնները՝ պետք է պայքարել անարդարության դեմ, երիտասարդներին ապահովել կրթությամբ, օգնել դժվարությունների հաղթահարման հարցում և «ապագայի հանդեպ հույս պարգևել»։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ