Սերը անձնական է, ոչ թե պետական

266

Եկ այսօր մենք մեր ոխը ուրանանք,
Ու դառնանք զինվոր մարտում այս չարի,

Բավ է այդ «կրոնն» անենք դավանանք,
Եկ միաբանվենք, խնդրում եմ, արի:

Արի աղոթենք, ոչ թե կռիվ տանք,
Մենք ինչի՞ հասանք այս քանի տարի,
Միայն բաժանում, միայն տառապանք…
Քրիստոսը հաղթեց սիրով աշխարհին,
Մեզ համար դարձավ ավելին, քան կյանք,
Իսկ մենք բռնել ենք զենքերը չարի,
Բայց չարին չարով մի՞թե զարկ կտանք:

Եկ էլ չխաղանք դերն այդ «քրիստոնյա»,
Սա չէր պատգամը մեծ Նարեկացու,
Այլ որ մենք լինենք կյանքով քրիստոնյա,
Սա է մեր առաջ սուրբ դռներ բացում:

Եկ ժպտանք իրար հանց Եվրոպացի,
Բայց սիրով ժպտանք, ոչ թե ձևական,
Պատվենք մեկմեկու, որպես դրացի,
Ժպիտը ուժ է Աստծուց գերբնական:
Ձեռք ձեռքի տված հորդորենք հային,
Տարածենք ամեն քաղաք ու գավառ,
Ու ամբողջ ազգով դեմ ելնենք մահին,
Հավատքով ելնենք ու լինենք համառ:

Համառ լինենք մեր թշնամու նման,
Այո, թշնամու, այն էլ մուսուլման,
Եկ լինենք համառ աղոթքի ժամին,
Մուսուլմանի պես ծնկներս ծալենք,
Թույլ չտանք օրվա հոգսերի քամին,
Խանգարի, որ մեր Փրկչի հետ քայլենք:

Կարոտով սիրենք հայրենի հողը,
Կարոտով, բայց ոչ որպես կարոտյալ,
Փախնողի հոգին չի լքում դողը,
Հայը փախնող չէ, այլ հավատացյալ:

Մաշտոցն հավատքով հայոց գիրն առավ,
Հայի հանճարը հնչեց հայեցի,
Մեծ հայի գիրը հայերեն դառավ,
Ունեցանք Սևակ և Խորենացի:

Նա, որ հավատքով կազմում է բանակ,
Մարտում իր ազգն է տանում հաղթանակ,
Իսկ առանց հավատք զորավոր չկա,
Չարի դեմ մուկ է մարմինն աժդահա:

Ուրեմն արի լցվենք հավատքով,
Իսկ լոկ կրոնը շատ է ձևական,
Քրիստոսի սերը ընդունիր փառքով,
Սերը անձնական է, ոչ թե պետական:

Ձեռք-ձեռքի տված թե աղոթք անես,
Հավատքիդ ջահը երբեք չի մարի,
Տերը մեզ հետ է, բավ է վարանես,
Եկ միաբանվենք: Հերիք է: Արի

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ