Վիրավոր ասկյարն ու քրիստոնյա բժիշկը. իրական պատմություն

588

Թույնի փոխարեն՝ բալասան… 

«Բայց Ես ասում եմ ձեզ, սիրեցե՛ք ձեր թշնամիներին, բարիք արե՛ք ձեզ ատողներին, աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում ու հալածում են ձեզ». Մատթ. 5.44:

Բժիշկ՝  Ֆիլիպ Հովնանյանը պատվելի Հակոբ Կունդակջյանի որդին էր: 1909 թ. կոտորածի ժամանակ նրա հայրն ու երկու եղբայրները՝ Ավգուստինն ու Ռոբերտը սպանվել էին: Ադանայի կոտորածներից մի քանի տարի անց, նրան Բաղդատի երկաթուղային ընկերության կողմից, հրավիրում են աշխատելու Ինթիլլիի հիվանդանոցում, որպես գլխավոր բժիշկ: Նա   այնտեղ է մնում մինչև պատերազմի ավարտը: Օրերից մի օր վիրավոր բանվոր բերեցին հիվանդանոց, որը ծանր վնասվել էր պայթեցված ապարներից: Երբ բժիշկը զննեց նրա ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ճանաչելով իր եղբոր՝ Ռոբերտի սպանողին, շանթահարվեց: Նա ո՛չ հիվանդին, ո՛չ էլ այլոց չհայտնեց այդ մասին, բայց ներսում մոլեգին պայքար էր գնում: Եղբոր սպանողի կյանքը գտնվում էր իր ձեռքերում: Ճիշտ կլինի՞ արդյոք թույլ տալ, որ նման գազանը ապրի աշխարհում, որպես պատուհաս: Ինչու՞ նրան մի բաժակ թույն չտալ, մաքրելով երկիրը նման վիժվածքից: Բժիշկ Ֆիլիպը հիշեց Քրիստոսի խոսքը. «Բայց Ես ասում եմ ձեզ, սիրեցե՛ք ձեր թշնամիներին, բարիք արե՛ք ձեզ ատողներին, աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում ու հալածում են ձեզ»: Մատթ. 5:44

Այս խոսքերը  մեկնաբանության կարիք չունեն: Նրա համար պարզ էր, որ չարին չարությամբ հատուցելը Արդար Դատավորի մենաշնորհն է և Նա ասել է. «Վրեժխնդրությունն Իմն է և Ես պիտի հատուցեմ». Բ Օրինաց 32.35:

Իմանալով իր անելիքը, բուժքույրերին  պատվիրեց հոգատարությամբ խնամել թուրքին, իսկ ինքը նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին այցելում էր նրան, միշտ հարցնելով առողջության մասին: Որոշ ժամանակ անց, մտնում է հիվանդի մոտ ու հայտնում, որ արդեն նրան դուրս են գրելու, որովհետև լիովին ապաքինված է: Հաջորդ օրը հիվանդը տուն գնալիս,  քույրերին շնորհակալություն հայտնելուց հետո մտնում է և բժշկի սենյակը, իր խորը երախտագիտությունը հայտնելու: Ֆիլիպը նրան դուրս է հրավիրում և երկուսով սկսում են քայլել հիվանդանոցի այգում: Ձեռքը մարդասպանի ուսին դնելով՝ ասում է.

– Մի բան պիտի խոստովանեմ: Երբ առաջին անգամ ուսումնասիրեցի քո փաստաթղթերը, հասկացա, որ իմ առջև պառկած է սիրելի եղբորս  սպանողը: Ես բուժում էի քեզ, իմանալով, որ դու ես եղբորս կյանքից զրկել, իսկ հիմա դու բոլորովին առողջ ես: Սա չեմ ասում, որ դու նեղվես, այլ հասկանաս, թե ինչպես  Քրիստոսի հոգին կարող է ներել ու սիրել թշնամուն և չարությանը բարությամբ հատուցել: Ես քեզ ներել եմ, իմ ամբողջ սրտով: Գնա՛ խաղաղությամբ

Ապշած թուրքը մի պահ պապանձված քարանում է, հետո բժիշկ Հովնանյանի ոտքերն ընկնելով դառը լաց  լինում ու ասում.

– Ի՛մ բարի բժիշկ, ինչու՞ չեք սպանել ինձ: Ինչու՞ եք ներել ինձ, որ ապրելու արժանի չեմ: Ինչպե՞ս կարող է չար ու մարդասպան մարդը ողորմություն գտնել ձեզ մոտ: Օրհնյա՜լ լինեն ձեր ձեռքերը, որ թույնի փոխարեն բալասան են տվել ինձ: Ների՜ր ինձ, ների՜ր…

Հատված՝ Ներսես Սարյանի «Ես չպետք է մեռնեմ» գրքից

Պատրաստեց Մարատ Զաքարյանը

Մեկնաբանություններ