Վկայությունը որոշիչ դեր է խաղում. Քենեթ Քոուփլենդ

376

«Երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատվի»: Մատթեոսի 18. 16

Դու շատ անգամներ ես կանգնել որոշումների հարթավայրում: Շատ անգամներ ես հաղթանակի և պարտության միջև հայտնվել անորոշ վիճակում: Մի կողմում աշխարհի խոսքն է, որի հեղինակը սատանան է, և որն ասում է. «Դու չես բժշկվի»: Իսկ մյուս կողմում Աստծո Խոսքն է. «Իմ Խոսքը Այո և Ամեն է » և «Նրա վերքերով դու բժշկված ես»: Թե ինչպես այս ամենը կվերջանա, կախված է միայն քեզանից: Դու ես հաստատող վկան:

Հիշում եմ, մի անգամ մի երիտասարդ մոտեցավ ինձ: Նա ցանկանում էր, որ աղոթեմ իր համար: Ես ասացի. «Հիմա Խոսքն ասում է, որ դու բժշկված ես»: Նա ընդհատեց ինձ և ասաց. «Այո, ես գիտեմ, որ Խոսքն այդպես է ասում, բայց ես սարսափելի ցավեր ունեմ…»:

Ես նայեցի նրա աչքերին և ասացի. «Խոսքն ասում է. «Նրա վերքերով դու բժշկված ես»:

«Ես գիտեմ դա, — պատասխանեց նա, բայց այստեղ սարսափելի…»:
Ես գլուխս տարուբերեցի և ասացի. «Լսի՛ր, Խոսքն ասում է, որ դու բժշկված ես»:
Նա բազուկի նման կարմրեց. «ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԱՅԴՊԵՍ Է ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ …»:
Ի վերջո նա կանգ առավ և աչքերը հառեց վրաս: Նա առանց հասկանալու թույլ էր տվել, որ իր ֆիզիկական նախանշանները դառնան իր վկայությունը: Նա դրանց էր հավատում: Բոլորովին նշանակություն չուներ, թե Խոսքն ինչ է ասում, նա հավատում էր այն բանին, ինչ տեսնում և զգում էր:

Բայց երբ նա լռեց, ես ասացի. «Լսի՛ր , դու ցանկանում ես, որ ես համաձայնվեմ քեզ հետ, և բարկանում ես, երբ չեմ ուզում համաձայնվել: Բայց եթե ես այդպես անեմ, դու կմահանաս: Իսկ եթե դու համաձայնվես իմ և Աստվածաշնչի հետ, դու կարեղ ես բժշկվել»:

Հանկարծ նա հասկացավ դա: Նրա աչքերը բոցավառվեցին: «Օ~հ, փառք Աստծուն: Հասկանում եմ, թե ինչ նկատի ունես: Ես համաձայն եմ Աստծո Խոսքի հետ»:
Ես ձեռքերս դրեցի նրա գլխին, և Աստված անմիջապես բժշկեց նրան:

Հիմա տեսնո՞ւմ ես. երբ նա որոշեր համաձայնության գալ Աստծո հետ, նա կարող էր իր բժշկությունը ստանալ իր ննջասենյակում կամ մեքենա վարելիս կամ մեկ այլ վայրում: Երբ նա որոշեր դառնալ հաստատող վկա, նա կարող էր բժշկվել ցանկացած ժամանակ:

Աղոթի՛ր և հաստատի՛ր քո վկայությունը: Դա քո գործն է : Եթե դու այդպես վարվես, Աստված կսատարի քեզ, և երբ սատարի, ամեն բան պետք է հարթվի կամ էլ ճանապարհից հեռացվի :
Քո վկայությունը որոշիչ դեր է խաղում: Ի՞նչ կասես:

Քենեթ Քոուփլենդ

Մեկնաբանություններ