Թե ինչ արեց Դավիթը, երբ թշնամիներն այրեցին իր քաղաքը

391
Այրված Դավթի քաղաքը

Դավիթը, խուսափելով Սավուղ արքայի հալածանքներից, լքել էր իր հայրենիքն ու հաստատվել փղշտացիների Սիկելակ քաղաքում։ Դավթի հետ էին իր ընտանիքը և վեց հարյուր հավատարիմ զինվորներ՝ իրենց ընտանիքներով։ (1 Թագ․ 30)

Արշավանքներից մեկի ժամանակ Դավիթն ու իր վեց հարյուր զինվորները որոշ ժամանակ բացակայել էին Սիկելակից։ Եվ երբ վերադաձան, ո՜վ սարսափ, տեսան, որ ամաղեկացիներն այրել են քաղաքը, կանանց ու զավակներին գերի են տարել և իրենց ամբողջ ունեցվածքն էլ ավար են վերցրել։

Վեց հարյուր քաջ զինվոր, վեց հարյուր ամեհի տղամարդ, Դավթի հետ միասին բարձրացրին իրենց ձայները և սկսեցին ողբալ։ Երկար ողբացին։ Ողբացին այնքան, մինչև բոլորովին ուժասպառ եղան։

Բայց Դավթի միտքը մի պահ պայծառացավ։ Նա հարցրեց Աստծուն՝ հետապնդե՞մ թշնամուն, կհասնե՞մ, կհաղթե՞մ։

Աստված պատասխանեց՝ հետապնդիր, որովհետև անպատճառ կհասնես և բոլորին կազատես։ Ես պատկերացնում եմ, որ Աստված ավելին է ասել՝ «Իհարկե հետապնդիր, իհարկե կհաղթես, թե չէ ի՞նչ եք ձայններդ գլուխներդ գցել ու ոռնում։ Ողբալով ձեր զավակներին ետ չեք բերի»։ Բայց սա ընդամենը իմ պատկերացումն է, այդ պատճառով վերադառնանք նյութին։

Դավիթն իր վեց հարյուր զինվորներով հետապնդեցին ամաղեկացիներին։ Ճանապարհին երկու հարյուրը շատ հոգնեցին (ախր ժամերով ողբ էին  արել) և չկարողացան շարունակել հետապնդումը։ Դավիթը մնացած չորս հարյուր հոգու հետ հասավ ամաղեկացիներին, որոնք մի քանի անգամ շատ էին իրենցից։ Ամաղեկացիները խրախճանք էին անում, ուտում ու խմում էին, վայելում էին իրենց ավարը։ Դավիթն ու իր զինվորները արշալույսից մինչև հաջորդ երեկո կոտորեցին բոլորին, բացի չորս հարյուր հոգուց, ովքեր նստեցին ուղտերն ու ճողոպրեցին։

Դավիթն ու իր զինվորները ետ վերադարձրեցին ոչ միայն  իրենց, այլև այն երկու հարյուր հոգու կանանց ու երեխաներին, ովքեր մնացել էին ճանապարհին։ Եվ շատ ավելի մեծ ավար առան, քան ամաղեկացիները տարել էին իրենցից։

Դավիթը հաղթեց։ Հաղթեց, որովհետև Դավթի հետ էին Աստվածն ու իր հավատը։

Մեզ էլ են կոտորել։ Մեր քաղաքներն էլ են այրել։ Մեր կանանց ու երեխաներին էլ են գերի վերցրել, մեր հողին ու ունեցվածքին էլ են տիրացել։

Չէ, ես պատերազմ սկսելու կոչ չեմ անում։ Ժամանակներն ուրիշ են։

Ուղղակի նկատեցի, որ պետք է Աստծո հետ դաշինք կնքել, Նրան լսել, Նրա խոսքով առաջնորդվել։ Հզորանալ է պետք։

Ու նաև հասկացա, որ ողբալը ուժասպառ է անում։

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ