Այսօր Սոցիալական աշխատանքի միջազգային օրն է

90
social worker day

«Մարդու համար արածդ մեծագույն բարիքը ոչ թե պարզապես նրա հետ քո հարստությունը կիսելն է, այլ նրան օգնելն է՝ բացահայտելու սեփական հարստությունը». Բենջամին Դիզրայելի:

Սոցիալական աշխատողը հենց այն մասնագետն է, ով օգնում է մարդուն՝ բացահայտել իր ներուժը:

Այսօր շատերս ենք մեր առօրյայում լսում «սոցիալական աշխատանք» օգնող մասնագիտության մասին: Այդ մասնագիտության տեր մարդկանց կոչումն է՝ բարձրացնել մարդու կյանքի որակը՝ վերջինիս դարձնելով այդ գործընթացիանմիջական մասնակիցը և պատասխանատուն:

Հայտնի է, որ սոցիալական աշխատանքի ակունքները տանում են դեպի հին աշխարհ, որտեղ այն արտահայտվում էր հիմնականում տարրական բարեգործության ձևով: Սակայն ավելի մասնագիտացված և կազմակերպված՝ սոցիալական աշխատանքը սկսեց իրականացվել ԱՄՆ-ում և Անգլիայում 1900-ական թթ. սկզբին: Առաջին անգամ այս երկրներում այն ձեռք բերեց սոցիալական աշխատանք բնորոշումը և սկսեց զարգանալ որպես գործունեության առանձնահատուկ տեսակ՝ պահանջելով յուրահատուկ գիտելիքներ և փորձ:

Սոցիալական աշխատանքի գաղափարը Հայաստան ներթափանցեց 1988թ. ավերիչ երկրաշարժից և Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հանրապետությունը ժառանգություն ստացավ տնտեսական, սոցիալական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց կնիքը դրեցին մարդկանց կենցաղի, ապրելակերպի, մտածողության և հոգեբանության վրա:

Այդ տարիներից ի վեր, ի թիվս այլ տեղական և միջազգային կազմակերպությունների, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն (ԱՀԱԸ) իր սոցիալական աշխատողների միջոցով նույնպես արձագանքում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց, և հատկապես՝ երեխաների բազմատեսակ կարիքներին: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու Լեռնային Ղարաբաղում ԱՀԱԸ սոցիալական աշխատողները ծառայություններ են մատուցում տարբեր հիմնախնդիրներ ունեցող շուրջ 2000 երեխայի՝ վեր հանելով երեխաների առաջնային կարիքները և նրանց ընտանիքների հետ միասին փորձելով բավարարել կամ թեթևացնել դրանք: ԱՀԱԸ արդեն 5 «Շող» համայնքահեն և 6 կրթադաստիարակչական ցերեկային կենտրոններում սոցիալական աշխատողները նաև լուրջ ուշադրություն են դարձնում 300 և ավելի երեխայի անձնային աճին և զարգացմանը՝ նրանց փոխանցելով կյանքի հմտություններ և քրիստոնեական արժեքներ, որոնք, խոշոր հաշվով, նպաստում են երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարձրացմանը: Նրանք լուրջ աշխատանք են տանում նաև երեխաների ծնողների հետ՝ նպաստելով նրանց ծնողավարման հմտությունների որակի բարձրացմանը:

Ի դեպ, չմոռանանք սոցիալական աշխատանքի քրիստոնեական ակունքների մասին, որտեղ կարելի է հանդիպել «դեպքի վարման» բազմաթիվ հետաքրքիր օրինակներ: Դրանցից մեկի մասին կարդում ենք Նոր Կտակարանում (Հովհաննեսի Ավետարան, գլուխ 5:1-9), երբ Հիսուսը հանդիպում է 38 տարի շարունակ նույն խնդիրը և մտածելակերպը կրող մի հիվանդի, ով բժշկարար ավազանի մոտ տարիներով սպասում էր, որ  ինչ-որ մեկը կընկղմի իրեն այդ ջուրը, և ինքը կառողջանա: Քրիստոսի այն ուղղակի հարցադրմանը, թե՝ «կամենու՞մ ես առողջ լինել», հիվանդն անմիջապես պատասխանում է՝ կենտրոնանալով հանգամանքների և ուրիշների վրա. «մարդ չունեմ, որ ինձ ավազանի մեջ իջեցնի…» կամ «մինչև որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը…»: Նրան «խղճալու» և շրջապատող մարդկանց «նախատելու» փոխարեն՝ կարդում ենք Քրիստոսի հետևյալ խոսքերը՝ ուղղված հենց հիվանդին. «Վե՛ր կաց, մահիճդ առ և մա՛ն եկ»: Քրիստոսը, լինելով սիրո և գթասրտության մարմնավորում, միևնույն ժամանակ կոչ է անում մարդկանց՝ պատասխանատվություն վերցնելու սեփական որոշումների համար և պատասխաններ փնտրելու ոչ թե ուրիշների կամ անբարենպաստ հանգամանքների մեջ, այլ իրենց ներսում:

Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհակալ ենք ձեր անձնվեր աշխատանքի համար: Մաղթում ենք ձեզ, որ վայելեք այն բազմաթիվ ընտանիքների սրտաբուխ երախտագիտությունը, ում օգնել եք կոտրել «աղքատության» շղթան: Չէ՞ որ իմաստության, գիտելիքների ու փորձի հետշաղախված սերն ու նվիրումն է, որ կարող է փոխել այսօր ձեզ հանդիպած մարդկանց կյանքը:

Քրիստինա Սիմոնյան
ԱՀԱԸ Սոցիալական ծրագրերի բաժնի ղեկավար
amaa.am

Մեկնաբանություններ