Անընկեր ճամփան միշտ էլ քարոտ է․ Բանաստեղծություն

311

Ընկերոջ սերը միշտ քո կողքին է
Ինչ էլ որ քեզ տա, դա իր հոգին է,
Ապտակդ այնքան ցավոտ չէ դեմքին,
Որքան լքելով խոցում ես հոգին։

Մի՛ վանիր նրան քո ուրախ պահին,
Նա դեմ կկանգներ քեզ եկած մահին,
Կողքիդ չփնտրեց սեփական շահը,
Ուզում էր օգնել` տեսնես քո գահը։

Անընկեր ճամփան միշտ էլ քարոտ է,
Լացը չի մեղմում տենչանք ու կարոտ…
Ընկերոջ վանելը սպանելուն մոտ է,
Ժպիտով հրաժեշտն առավել ցավոտ։

Սիրել ընկերոջը սա պատվիրան է,
Պատվիրան Հոգուց մեզ սիրող Աստծո,
Ընկերոջ սիրտը մեզ հենարան է
Որը կոտրելով մեզ ենք վնասում։

Ամենքին չէ, որ ընկեր ես ընտրում,
Ամենքն էլ չէ, որ քեզ էին փնտրում,
Եթե գտել ես՝ լավ պահիր նրան,
Եթե կորցրեցիր՝ հույսդ ու՞մ վրա…

Աղոթի՛ր Աստծուն՝ գտնես ընկերներ,
Սիրես ու պատվես նրանց հավիտյան,
Չէ՞ որ ընկերդ ունի պատվիրան,
Սիրելու է քեզ իր անձի նման։

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ