Ընտանիքը հոգևոր օջախ է. Սամվել Նավոյան

311

Ընտանիքը ոչ միայն սոցիալական ինստիտուտ է, այլև` հոգևոր օջախ: Նրա կարևոր առաքելությունը նաև արժանավոր զավակներ ունենալն ու դաստիարակությունն է:

Ու եթե ժամանակակից ընտանիքները հակված են ունենալ միայն մեկ զավակ, ինչը հող է ստեղծում վերջինիս քմահաճ մեծանալու համար, ապա ավանդապահ ընտանիքները սովորաբար բազմազավակ են լինում:

Մինչդեռ, համաձայն վիճակագրության, չամուսնացած կանանց կողմից 2009թ. ԱՄՆ-ում ծնվել է երեխաների թվի 41%-ը, 2011թ. Իսլանդիայում` 64.3%-ը. Էստոնիայում` 59.7%. Սլովենիայում` 56.8%. Բուլղարիայում` 55%. Շվեդիայում` 54.2%. Ֆրանսիայում` 55%. Բելգիայում` 49%. Դանիայում` 48.6%. Մեծ Բրիտանիայում` 46.9%. Լատվիայում 43.7%. Նիդերլանդներում` 43.3%. Հունգարիայում` 42.2%. Չեխիայում` 41.8%. Ֆինլանդիայում` 40.8%. Ավստրիայում` 44%. Սլովակիայում` 34%. Գերմանիայում` 33.5%. Ռուսաստանում` 30%. 1998թ. Լատինական Ամերիկայում` 55-74%. (ի դեպ, Ուղղափառ եկեղեցու պետականության պայմաններում Կիպրոսում` 15.2%. Հունաստանում` 8.1%):

Ավանդական ընտանիքում կինն էմոցիոնալ մթնոլորտի ստեղծման, տնային կենցաղի կազմակերպման գլխավոր դերակատարն է դառնում: Մինչդեռ տղամարդը` ընտանիքի պաշտպանության: Մինչդեռ, այսպես կոչված, գենդերային հավասարության պայմաններում կինը կորցնում է իր կանացիությունը, իսկ տղամարդը` առնականությունը:

Խրիմյան Հայրիկն ասում է («Դրախտի ընտանիք»), որ ընտանեկան «թագավորությունում ո́չ ոստիկան կա, ո́չ սուր, ո́չ բռնություն, ո́չ գավազան. ամեն տեղ հայրական սեր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը` ծնողների կենդանի օրինակը»: Եվ ավելացնում, թե որևէ «ժողովուրդ իր բարոյական կյանքի տիպարն ուղղակի ընտանիքից է առնում»

Սամվել Նավոյան

Մեկնաբանություններ