Երկար ժամանակ, որը ես չունեմ. Բանաստեղծություն

559

Սպասի՛ր մանկություն, մի՛ շտապիր գնալ,
Ես դեռ չեմ հասցրել քեզնից հագենալ,
Շնիկ եմ ուզում, ու արջու՛կ, քեզ էլ,
Մայրի՛կ իմ նայիր, կարող եմ վազել։

Սպասի՛ր իմ դպրոց, շուտ ես հեռանում,
Հուշեր մանկության քո մեջ են մնում,
Պատանեկություն դու՞ էլ ես գնում,
Ոչինչ, գնացեք, ես ինքս եմ թողնում։

Թողնում եմ դպրոց, մանկություն և տուն,
Ամուսնանում եմ, չեմ մնա անտուն։
Տարիներն անցան հանց ծովի ալիք,
Խանութում տեսա բալիս խաղալիք։

Մի շնիկ կառնեմ, ու մի արջուկ էլ,
Զավակս նաև գնդակ է ուզել,
Մանկությու՛ն, գիտեմ, երկար չես մնա,
Ուզում եմ բալես քեզնից հագենա։

Կարճ է մեր կյանքը, շատ բան ենք ուզում,
Տարինե՛ր, սպասեք, ու՞ր եք վռազում,
Ժամանա՛կ, այնքան, այնքան խիստ ես, որ
Իմ մանուկ բալին դարձրեցիր զինվոր։

Գնա՛ ժամանակ, ի՞նչ ես կանգ առել,
Որդուս կարոտից աչքս է սառել,
Աղոթք էի անում ես զօր ու գիշեր,
Թշնամին որդուս սրի չքաշեր։

Փա՜ռք Քեզ Տեր Աստված, ժամանակն անցավ,
Նախկին զինվորս շուտ ամուսնացավ,
Հիմա խինդուրախ թոռների տեր եմ։
Սպասի՛ր ժամանակ, կարծես թե ծեր եմ։

Ասե՛ք, տարինե՛ր, այս ի՞նչ արեցիք,
Սև մազերիս հետ արդեն վաղեմի,
Դեմքիս այս ինքան կնճիռ շարեցիք,
Ամեն երազանք մթնշաղ է մի…

Սպասե՛ք, ո՛վ մարդիկ, մի՛ շտապեք գնալ,
Ես դեռ ձեր համար կանգնած երգում եմ,
Ես էլ այս ցրտին չեմ կարող մնալ,
Մի քանի գրոշ էլ տվեք, խնդրո՛ւմ եմ։

Բալես հեռու է երկար ժամանակ,
Ու նրա առաջ դռներ են բացում,
Մոռացել է ինձ, ու թողել մենակ,
Չեմ ուզում տեսնի՝ ինչպես եմ լացում։

Սպասի՛ր ծերություն, իմ վերջին ընկեր,
Գոնե դու մնա ինձ հավատարիմ,
Վերջին աղոթքում եղիր լացընկեր,
Մինչ խղճիս պարտքը պատվով կատարեմ։

Տեր Աստված գոհ եմ, որ կարողացա
Նվիրել որդուս ամենն ինչ ունեմ,
Մի բան էլ խնդրեմ իմ բալի համար.
Երկար ժամանակ` որը ես չունեմ։

 

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ