Զոհված հերոսների կոչը. Հարութ Ներսեսսյան

270
Հարութ Ներսեսյանը
Հարութ Ներսեսսյանը

«Եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, միայն ինքը կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կտա» (Հովհ. 12.24):

Հունվարին Ստեփանակերտում առիթ ունեցա այցելելու Զոհված ազատամարտիկների թանգարան:

Այնտեղ տեսա 3 200-ից ավելի զոհվածների լուսանկարներ, նրանց ձեռքերով տարբեր իրերից պատրաստած զենքեր, լսեցի նրանց հերոսական պատմությունները:

Մի կամավոր ազատամարտիկ իր ամուսնության նշանակված օրից մի քանի շաբաթ առաջ զոհվել է: Թանգարանում ցուցադրված էին նրա և նշանածի հարսանեկան շորերը:

Այլ զինվորներ պատերազմի ընթացքում մեկ-երկու օրով գալիս էին տուն ամուսնանում և անմիջապես վերադառնում մարտի դաշտ:

Փորձառությունս հուզիչ էր և պարտավորեցնող:

Մենք այսօր ունենք ազատ, անկախ Արցախ՝ շնորհիվ հազարավոր զոհվածների և վիրավորների ու նրանց հարազատների վճարած բարձրագույն գնի:

Այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ շնորհիվ բազմաթիվ պատմական մարտերում կռված ու զոհված երիտասարդների:

Մեր երկու հանրապետությունների անկախությունը նաև մեր հզոր բանակի և տոկուն ժողովրդի միակամության արգասիքն է:

Ես ինձ հարց տվեցի. ի՞նչն է լինելու մեր արձագանքը և հարգանքի տուրքը մեր խաղաղ կյանքի համար զոհված նվիրյալների հիշատակին:

Երկու միտք ծնվեց որպես պատասխան.

  • Եթե այս տղաները զոհվեցին մեր հայրենիքի անկախության և մեր խաղաղ ու բարեկեցիկ կյանքի համար, ապա մենք էլ պետք է պատրաստ լինենք հայրենիքի բարգավաճման և հզորացման համար զոհողությունների:
  • Սիրենք յուրաքանչյուր հայի, նրան բարձրացնենք ու քաջալերենք անկախ քաղաքական, տնտեսական կամ կրոնական պատկանելությունից և այլ հանգամանքներից:

Մեր ազատամարտիկները զոհվեցին հայրենիքի համար:

Իսկ մե՞նք ինչ ենք անում:

Քրիստոնեական հավատը քաջալերում է ուրիշներին օգնել, նրանց կարիքները կյանքի գնով հոգալ: Եվ դրա գերագույն օրինակը Հիսուս Քրիստոսն է, որը զոհեց իր անձը մարդկության փրկության համար:

«Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ այս իմ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» (Մատթ. 25.40):

Հարութ Ներսեսսյան

Աղբյուր՝ amaa.am

Մեկնաբանություններ